Ցավալի լուր. մահացել է երգիչ Հայկոն

Քիչ առաջ Միքայելյան հիվանդանոցում 48 տարեկան հասակում մահացել է երգիչ, երգահան Հայկոն:

Նշենք, որ Հայկոն օրեր առաջ շատ վատ վիճակում  էր տեղափոխվել հիվանդանոց, այս ընթացքում բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Հայկոյի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն: Նրա թոքերի 80 տոկոսից ավելին  չէր գործում, իսկ երեկ հայտնի դարձավ, որ երգչի շատ օրգաներ սկսել են չաշխատել:

Այսօր սոցիալական ցանցերը ողողված են սիրված երգչի մահվան կապակցությամբ ցավակցական ու ափսոսանքի խոսեքերով:

Հայկոն սիրված էր ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչների, այլև նոր սերնդի կողմից: Նա իսկական արվեստագետ էր, ում  երաժշտություն իսկապես ճաշակ էր թելադրում: Նա պայքարում էր անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով որակյալը:

Հայկոն ծնվել է 1973թ․ օգոստոսի 25–ին, սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։

1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։

1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։

1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ