ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ` Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում, Հայաստանի պարի պետական անսամբլը և Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնը միասին հանդես եկան Սոֆի Դևոյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագրով, որի խորագիրն էր «ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆՆ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԸ»:
Հոբելյանական համերգային երեկոյի ընթացքում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհավորելով պարուհուն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ինչով Դուք զբաղվում եք, ոչ միայն մշակույթ է, այլև մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ, որի շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստացել են ճիշտ ուղղորդում ու գիտելիք։ Վստահ եմ՝ այդ դպրոցն անցնելով՝ մենք ձեռք ենք բերել ոչ միայն պարուհիներ ու արվեստի մարդիկ, այլև լավ քաղաքացիներ։
Գնահատելի է այն աշխատանքն ու արվեստը, որ շարունակաբար կերտում եք՝ մասնակիցը դարձնելով նաև մեզ, որովհետև Ձեր յուրաքանչյուր ներկայացում վայելք է»։ Նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ծնվել է 1949 թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961թ. ընտանիքով վերադարձել է Երևան: 1961-67 թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967 թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է որպես մենակատար, իսկ 1986 թ-ից եղել է համույթի պարուսույցներից:
Посмотреть эту публикацию в Instagram